ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած մշակութային ժառանգության պաշտպանության նպատակով նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ բանաձևը

01 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 1-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում Կոնվենցիայի 136 անդամ-պետությունները միաձայն ընդունել են Հայաստանի հեղինակած «Մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդումը նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով բանաձևը:

Բանաձևում կարևորվում է հակամարտությունների ընթացքում և հետհակամարտային շրջանում նոր ու զարգացող տեխնոլոգիաների կիրառումը մշակութային ժառանգության պահպանման, պաշտպանության, փաստագրման և մշտադիտարկման գործում:

Փաստաթղթում կոչ է արվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին նպաստել միջազգային համագործակցությանը՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում նշյալ տեխնոլոգիաների լայն կիրառմանը և ընդգծվում է ինստիտուցիոնալ ու փորձագիտական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Բանաձևի  նպատակն է ամրապնդել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործիքակազմը՝ միավորելով իրավունքը, նորագույն տեխնոլոգիաները, ստեղծագործ միտքը և համագործակցությունը՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանությանը, պահպանմանը և վերականգնմանը։

Այս նախաձեռնությունը վերահաստատում է ՀՀ հանձնառությունը մշակութային ժառանգության պաշտպանությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև 1954թ. Հաագայի կոնվենցիայի նպատակների առաջմղմանը:

Տպել էջը