ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ
19 նոյեմբերի, 2025Նոյեմբերի 19-ին Կիգալիում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև բազմակողմ ձևաչափերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների շուրջ:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, ինչպես նաև 2026թ. Հայաստանում հյուրընկալվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին` ներկայացնելով Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանմանն ուղղված ՀՀ ջանքերը: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանն առնչվող հարցերին: