Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարությունների միջև

07 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 7-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետքարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի գլխավորությամբ:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկային, բարձրաստիճան շփումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը քաղաքական երկխոսության խթանման և տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։

Կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, նորարարական տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցության խորացման և զարգացման հեռանկարները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Ընդգծվել է նաև եվրոպական ինտեգրման փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Տպել էջը