ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Կոպենհագենի հռչակագրի և Կայուն զարգացման 2030թ. օրակարգի իրագործմանն ուղղված բարձր մակարդակի կլոր սեղան քննարկմանը

06 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 5-ին, Դոհայում ընթացող Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կոպենհագենի սոցիալական զարգացման հռչակագրի և դրա գործողությունների ծրագրի պարտավորությունների կատարման գործում առաջընթացի գնահատում և բացթողումների ու մարտահրավերների լուծում, ինչպես նաև Կայուն զարգացման 2030թ. օրակարգի իրականացման խթանում» խորագրով բարձր մակարդակի կլոր սեղան քննարկմանը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել 1995թ. Կոպենհագենում կայացած Սոցիալական զարգացման համաշխարհային գագաթնաժողովին, որը հիմք է հանդիսացել աղքատության վերացման, լիարժեք զբաղվածության ապահովման և սոցիալական ինտեգրման խթանման համար։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը նշանակալի առաջընթաց է գրանցել աղքատության նվազեցման, որակյալ, մատչելի և ներառական կրթության ու առողջապահության հասանելիության ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգերի ընդլայնման ուղղությամբ։

Վահան Կոստանյանը ներկայացրել է, որ Հայաստանը շարունակում է ներդրումներ իրականացնել երիտասարդների կարողությունների ամրապնդման, թվային հմտությունների զարգացման և նորարարության խթանման ուղղությամբ՝ «ոչ ոքի հետևում չթողնելու» սկզբունքի իրականացումն ապահովելու նպատակով։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և օրենքի գերակայությունը սոցիալական արդարության ու կայուն զարգացման առանցքային նախադրյալներն են։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցող միջազգային կազմակերպություններին և զարգացման գործընկերներին՝ ընդգծելով, որ միայն համատեղ ջանքերով կարելի է ապահովել արդար և ներառական անցում դեպի կայուն ապագա։

Տպել էջը