ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի մասնակցությունը «Աղքատության հաղթահարման համար բնության վրա հիմնված լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում. քննարկում COP17-ին ընդառաջ» խորագրով միջոցառմանը

06 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 6-ին, Դոհայում ընթացող Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Աղքատության հաղթահարման համար բնության վրա հիմնված լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում. քննարկում COP17-ին ընդառաջ» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Որպես միջոցառման հիմնական բանախոս ելույթ է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն իր ելույթում շեշտել է, որ կենսաբազմազանությունը և մարդու բարեկեցությունը անքակտելիորեն փոխկապակցված են։ Նշվել է, որ էկոհամակարգերի պաշտպանությունը չի կարող դիտարկվել միայն որպես բնապահպանական նպատակ․ այն հանդիսանում է աղքատության վերացման, առողջապահական իրավունքի խթանման, սննդի և ջրի անվտանգության ապահովման, ինչպես նաև մշակութային ինքնության ու համայնքների դիմադրողականության պահպանման կարևոր հիմք։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի տեսլականն է COP17-ը դարձնել իսկապես ներառական, մասնակցային և գործողություններին միտված համաժողով, որը կհամախմբի բոլոր շահագրգիռ կողմերին՝ կառավարություններին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, քաղաքացիական հասարակությանը, կանանց և երիտասարդներին, գիտական ու մասնավոր հատվածին՝ բնության հետ ներդաշնակ ապագա կերտելու նպատակով։

Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բոլոր գործընկերների հետ և ուրախ կլինի ողջունել նրանց Երևանում՝ COP17-ի շրջանակներում։

Տպել էջը