ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի մասնակցությունը «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի բացման արարողությանը
01 նոյեմբերի, 2025Հոկտեմբերի 31-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Դավիթ Կարապետյանն իր ելույթում ընդգծել է ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների տարածմանը, ֆրանսախոսներին և Ֆրանկոֆոնիայի արժեքները կրողների համախմբմանը նպաստող միջոցառումների, այդ թվում՝ «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի կազմակերպման կարևորությունը: ԱԳՆ գլխավոր քարտուղարը նշել է, որ նման նախաձեռնությունները ոչ միայն հարստացնում են մեր երկրի մշակութային կյանքը, այլև մեծապես նպաստում այլ մշակույթներին ծանոթանալու և համատեղ ստեղծագործելու միջոցով փոխըմբռնման և համերաշխության ամրապնդմանը։
ԱԳՆ գլխավոր քարտուղարը ներկաներին հիշեցրել է, որ մեր երկիրը մեծ եռանդով պատրաստվում է 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի հյուրընկալմանը, որոնք նպաստելու են ֆրանկոֆոն երկրների հետ մեր բարեկամական կապերի ամրապնդմանը և Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանը:
Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդել է համաշխարհային ճանաչում ունեցող խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Պիքսել» վերնագիրը կրող ներկայացումը:
«Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը կազմակերպվում է Սաթէ-Աթղը» թատերական միության և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ՀՀ ԱԳ նախարարության աջակցությամբ: Փառատոնի նպատակը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև ստեղծագործական հանդիպումների և համագործակցության նոր հարթակների ստեղծման միջոցով մշակութային երկխոսության ամրապնդումն է: Ծրագրում ներառված են թատերական և պարային բեմադրություններ, վարպետության դասեր, թատերականացված ընթերցումներ և այլ միջոցառումներ: