Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վիետնամի արտաքին գործերի նախարարությունների միջև

27 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 27-ին Հանոյում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՎՍՀ ԱԳ նախարարի տեղակալ Լե Թհի Թու Հանգի գլխավորությամբ կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վիետնամի արտաքին գործերի նախարարությունների միջև։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության, ինչպես նաև առևտրի, տեխնոլոգիաների, նորարարության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ 

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանային վերջին զարգացումներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված վաշինգտոնյան համաձայնություններին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի, երկու երկրներում կայանալիք միջազգային ձևաչափի միջոցառումների առնչությամբ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև բազմակողմ համագործակցության հարթակներում հետագա փոխաջակցության և իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքների վերաբերյալ։

Հանոյ այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել նաև Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, հայ-վիետնմական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆան Թհի Թանգի հետ։ Քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի  երկրորդ նիստի անցկացմանն առնչվող հարցերը, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնման ուղիները, ինչպես նաև գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը վերաբերող նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության բնագավառում համագործակցության հնարավորություններին։

Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել նաև Վիետնամի կրթության և ուսուցման հարցերով նախարարի տեղակալ Լե Քուանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համալսարանների միջև ուսանողական և մասնագիտական փոխանակումների կազմակերպման, գիտակրթական համաժողովներին մասնակցության, ինչպես նաև Վիետնամում ԹՈՒՄՈ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի բացմանն առնչվող հարցեր։

Տպել էջը