Հայաստան-Նիդերլանդներ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի կետերի իրականացմանն ուղղված այց Նիդերլանդներ
14 հոկտեմբերի, 2025Հոկտեմբերի 13-ից 14-ը, Հայաստան-Նիդերլանդներ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տնտեսական համագործակցությանը և ենթակառուցվածքներին վերաբերող կետերի իրականացումն ապահովելու նպատակով, կայացել է ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալների համատեղ այցը Նիդերլանդների Թագավորություն:
ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից կազմված պատվիրակությունը Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարության արտաքին տնտեսական հարաբերությունների գլխավոր տնօրինության, Նիդերլանդների ներդրումների միջազգային կազմակերպության, գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնապահպանության նախարարության, ջրային գործընկերության, CBI - զարգացող (գործընկեր) երկրներից ներմուծումների խթանման կենտրոնի, Միջազգային ներդրումների գործակալության ներկայացուցիչների և այլ գործընկերների հետ:
Այցի ընթացքում կողմերն արդյունավետ քննարկումներ են ունեցել ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքների շուրջ՝ նախանշելով գործուն քայլեր։
Անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական համագործակցությանը, զբոսաշրջության, տրանսպորտի, կիբերանվտանգության, առևտրի և ներդրումների ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակի, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների միջոցով գյուղատնտեսական համագործակցությանը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին, ջրային ռեսուրսների կառավարմանը: