ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Դեպի Փախստականների համաշխարհային ֆորումի առաջընթացի վերանայում. պարտավորություններից դեպի ազդեցություն» խորագրով հարակից միջոցառմանը

08 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 8-ին Ժնևում՝ ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել  «Դեպի Փախստականների համաշխարհային ֆորումի առաջընթացի վերանայում. պարտավորություններից դեպի ազդեցություն» խորագրով հարակից միջոցառմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացում Հայաստանի կողմից իրականացված քայլերն ու գրանցված առաջընթացը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կողմից իրականացվող օրենսդրական փոփոխություններին, որոնք միտված են համակարգային արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, ինչպես նաև խոցելի խմբերի համար երաշխիքների ապահովմանը: 

Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում Հայաստանը ստանձնել է 13 կամավոր հանձնառություն, որոնցից 5-ն արդեն իսկ լիարժեք կերպով իրականացրել է և շարունակում է աշխատել մնացյալ հանձնառությունների իրականացման ուղղությամբ: 

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընգծել է նաև, որ Հայաստանի համար փախստականներին առնչվող հարցերի հասցեագրումը միայն հումանիտար բնույթ չի կրում: Այն ներառում է զարգացման, կառավարման և մարդու իրավունքների ոլորտներին առնչվող մարտահրավերներ, որոնք, իրենց հերթին, երկարաժամկետ, ներառական և համակարգված արձագանք են պահանջում տեղական և պետական մակարդակներում:

Անդրադարձ է կատարվել ՀՀ կողմից իրականացվող գործուն քայլերին՝ ուղղված առողջապահական, կրթական և սոցիալական ապահովության համակարգերում փախստականների, այդ թվում՝ կանանց և աղջիկների լիարժեք ինտեգրմանը և անվտանգության ապահովմանը: 

Տպել էջը