ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել կազմակերպության գլխավոր քարտուղարին
07 հոկտեմբերի, 2025Հոկտեմբերի 7-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրման նամակն է հանձնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։
Հավատարմագրման նամակի հանձնմանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր անդամակցությամբ ստանձնած հանձնառությանը՝ նպաստելու խաղաղության, համերաշխության, մարդու իրավունքների և համամարդկային այլ արժեքների խրախուսմանն ուղղված միասնական ջանքերին։
Դեսպանը կարևորել է Հայաստանի և ՖՄԿ միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ այս տարիների ընթացքում այդ հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում:
Երկուստեք անդրադարձ է կատարվել 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերին՝ որպես Հայաստանի և ՖՄԿ միջև հարաբերություններն ամփոփող կարևոր հանգրվանի։ Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի վճռականությունը խաղերը միջազգային բարձր չափանիշներին համահունչ անցկացնելու առնչությամբ։
Գլխավոր քարտուղարի խնդրանքով Արման Խաչատրյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող շարունակական ջանքերը՝ անդրադառնալով, մասնավորապես, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։
Դեսպանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և անձամբ ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին՝ Հայաստանի հանդեպ իր առանձնահատուկ ուշադրության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին ցուցաբերած կարևոր աջակցության համար։
Շնորհավորելով դեսպան Խաչատրյանին՝ Լուիզ Մուշիկիվաբոն մաղթել է նրան արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ինչպես նաև վերջինիս շրջանակներում Հայաստանի և անդամ այլ երկրների միջև հաստատված բարեկամական և համագործակցային ամուր կապերի առավել զարգացման։