ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Հիմնաքարերի ամրապնդում. բաց համացանցի ապագայի ապահովում» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառմանը

25 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Հիմնաքարերի ամրապնդում. բաց համացանցի ապագայի ապահովում» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառմանը՝ կազմակերպված Էստոնիայի և «Ազատություն առցանց կոալիցիայի» նախաձեռնությամբ։

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է ճգնաժամերի և հակամարտությունների ներկայիս համատեքստում թվային տեխնոլոգիաների չարաշահմանը և դրանց արդյունքում առաջացած միջազգային իրավունքի խախտումներին։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է թվային տեխնոլոգիաների տարածման արդյունքում ի հայտ եկած նոր մարտահրավերներին դիմակայելու համար ոչ ավանդական լուծումների և միջազգային նախաձեռնությունների, այդ թվում՝ «Ազատություն առցանց կոալիցիայի» կարևորությունը իրավահեն թվային ճարտարապետության կառուցման և առողջ թվային միջավայրի հաստատման գործում։

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված թվային միջավայրում մարդու իրավունքների և կիբեռանվտանգության խթանման հարցում միջազգային համագործակցության ապահովմանը։

 

Տպել էջը