ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի աջակցության հարցերով ղեկավարի հետ

25 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի աջակցության հարցերով ղեկավար Էլիսա Ջոբսոնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, տարածաշրջանային մարտահրավերները և շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման նպատակով:

Դավիթ Կարապետյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը նպաստելու խաղաղության, կայունության և կառուցողական երկխոսության ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման հիմնասյուներ:

Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ Հայաստանի տեսլականը:

Մտքեր են փոխանակվել համագործակցության նոր հեռանկարների շուրջ՝ ուղղված փոխգործակցության ընդլայնմանը և տարածաշրջանային խաղաղության և կայունության նախաձեռնությունների խթանմանը:

Տպել էջը