ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով ՄԱԿ ԱԽ բաց բանավեճին

25 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում․ բարդությունների, բազմաբնույթ ազդեցության և պատասխանատու օգտագործման հարցերի հասցեագրում» խորագրով ՄԱԿ ԱԽ բաց բանավեճին։

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ժամանակակից աշխարհում հակամարտությունների անկանխատեսելի բնույթը՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և մահաբեր ինքնավար ռազմական համակարգերի կիրառումը, և շեշտել, որ դրանց հետևանքով առաջանում են լուրջ մարդասիրական և իրավական խնդիրներ, և դրանց անվերահսկելի տարածումը կարող է անկայունություն ստեղծել առանձին մարտադաշտերից շատ ավելի հեռու:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանի դիրքորոշումը հստակ է. միջազգային իրավունքը, և, մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ՝ օրինականության, համաչափության, նախազգուշացման և տարբերակման սկզբունքները, պետք է լիովին կիրառվի բոլոր զենքերի նկատմամբ՝ անցյալի, ներկայի և ապագայի: Մենք խորապես համոզված ենք, որ այս սկզբունքները չեն կարող խախտվել կամ ընտրողաբար կիրառվել նոր տեխնոլոգիաների համատեքստում»։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ արհեստական ​​բանականության ռազմական կիրառման հնարավոր օգուտների վերաբերյալ քննարկումները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ պետությունների միջև գոյություն ունենան կարգավորումներ և ընդհանուր ըմբռնում: Կարևորել է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի՝ որպես համախբող կամուրջի դերը՝ տվյալ հարցում տարաձայնությունների հաղթահարման և առավել ներառական երկխոսության ապահովման գործում։

Տպել էջը