ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Կայուն, ներառական և դիմակայուն գլոբալ տնտեսությանը նվիրված առաջին երկամյա գագաթնաժողովին

24 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կայուն, ներառական և դիմակայուն համաշխարհային տնտեսությանն ուղղված առաջին երկամյա գագաթնաժողով. կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հանձնառությունների կատարումը» խորագրով միջոցառմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է ԿԶՆ-ների ֆինանսավորման ոլորտում առկա բացերը՝ ընդգծելով, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար մարտահրավերներն ավելի բազմաշերտ և բարդ են, քանի որ վերջիններս աշխարհագրական դիրքի պատճառով ունեն սահմանափակ հասանելիություն համաշխարհային շուկաներին և մատակարարման շղթաներին։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների կողմնակիցն է՝ նպատակաուղղված այն ավելի ներառական և արդյունավետ դարձնելուն: Հավելել է, որ դա պահանջում է զարգացող եկրներից ավելի ամուր կամքի և ներգրավվածության դրսևորում, ինչպես նաև ֆինանսական գործիքակազմին առնչվող հարցերում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝  խորացնելու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում գրանցված արդյունքների լիարժեք իրականացման գործում։ 

Ամփոփելով խոսքը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համերաշխության, գործընկերության և ընդհանուր պատասխանատվության հիման վրա և համատեղ գործողությունների միջոցով հնարավոր կլինի խթանել Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացումը։

Տպել էջը