ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի մասնակցությունը Կանանց 4-րդ համաշխարհային համաժողովի 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը

23 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Կանանց 4-րդ համաշխարհային համաժողովի 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կանանց հզորացման օրակարգի առաջմղման կարևորությունը` ի նպաստ ավելի դիմակայուն հասարակության և կայուն ապագայի: 

Անդրադարձ է կատարվել Հայաստանում գործադիր, օրենսդիր և դատական համակարգերում կանանց ներգրավվածությանը, կրթության և STEM ոլորտներում հնարավորություններին։ Այս համատեքստում շեշտվել է Հայաստանի կողմից որդեգրված համակարգված մոտեցումը՝ ուղղված գենդերային հարցերի ներառմանը ավելի ընդլայնված զարգացման օրակարգում: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝  ընդգծելով ՀՀ տեսլականը՝ բարձրաձայնելու կենսաբազմազանության կորստից և շրջակա միջավայրի քայքայումից առավելագույնը տուժած խմբերի խնդիրները:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը կլիմայական արդարությունն ընտրել է որպես Պեկին+30 օրակարգի իր գլխավոր գործողություն՝ գիտակցելով, որ կանայք, հատկապես գյուղական և տեղահանված համայնքներում, կանգնած են կլիմայի փոփոխության առաջնագծում և կրում են դրա ամենածանր բեռը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` ուղղված կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը, հնարավորությունների ընդլայնմանը և ներառականության ապահովմանը:

Տպել էջը