Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

12 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սանդքվիստին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին երկու երկրների միջև ձևավորված ակտիվ և կառուցողական քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների և ընդհանուր արժեքների վրա։

Կողմերը կարևորել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Հայաստանի և Շվեդիայի միջև շարունակական կառուցողական փոխգործակցությունը, ինչպես նաև Նորդիկ-բալթյան երկրների (NB8) հետ ձևավորված համագործակցության ընդլայնումը: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերին: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ընդգծելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությունը՝ Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում ընձեռնվելիք հնարավորությունները:

Տպել էջը