Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
09 սեպտեմբերի, 2025Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Պամելա Քոուլին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Կողմերն անդրադարձել են 2025թ. օգոստոսի 26-ին Երևանում անցկացված Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի արդյունքներին՝ նախանշելով առաջիկա անելիքները:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը և վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը նոր՝ Ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Միացյալ Թագավորության դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների շուրջ։