ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթենեյ Ռեթրիի հետ

07 հուլիսի, 2025

Հուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթենեյ Ռեթրիի հետ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը և իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը:

Մտքեր են փոխանակվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Տպել էջը