ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով միջոցառմանը
01 հուլիսի, 2025Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Որպես միջոցառման հիմնական բանախոս ելույթ է ունեցել Կոլումբիայի ԱԳ նախարար, COP16-ի նախագահող Լաուրա Սարաբիան:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է կենսաբազմազանության ֆինանսավորման առկա մեխանիզմների արդյունավետության բարձրացման, դրանց փոխլրացման և ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև ֆինանսավորման բարելավման հարցում միասնական ջանքերի գործադրումը՝ ուղղված կենսաբազմազանությանը համահունչ նորարարական ֆինանսական մեխանիզմների և ներառական ֆինանսական համակարգի մշակմանը:
Անդրադառնալով 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է դրա շրջանակներում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման կարևորությունը` կենսաբազմազանության դերի բարձրացման, այս ոլորտում հավակնությունների ընդլայնման և գործնական քայլերի խթանման հարցում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր եզրափակիչ խոսքում հույս է հայտնել, որ միջոցառումն իր ներդրումը կունենա COP17-ի ֆինանսավորման առաջնահերթությունների ձևավորման գործում: