ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանին
17 հունիսի, 2025Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում ամրապնդելու հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերին և նոր հավակնոտ օրակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների ներկա ընթացքը՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Հայաստանի քաղաքական կամքը: