ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Զարգացման համագործակցության ապագան» քննարկմանը
02 հունիսի, 2025Հունիսի 2-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Զարգացման համագործակցության ապագան» խորագրով բարձր մակարդակի կլոր-սեղան փակ քննարկմանը՝ նվիրված միջազգային զարգացման համակարգի առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների շուրջ մտքերի փոխանակմանը:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է միջազգային զարգացման համակարգում ի հայտ եկող նոր մարտահրավերներին, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների նոր գործիքների արագ աճին, համավարակի և կլիմայի փոփոխության հետևանքներին։ Ընդգծվել է զարգացման ոլորտում ավելի կայուն և ճկուն ֆինանսավորման մեխանիզմների անհրաժեշտությունը:
Առողջապահական մարտահրավերների համատեքստում նշվել է, որ COVID-19 համավարակն ու դրա հետևանքներն ի ցույց են դրել համաշխարհային առողջապահական ճարտարապետության խոցելիությունը և ազգային առողջապահական համակարգերի փոխկապակցվածությունը, և ընդգծվել է գլոբալ առողջապահական կառույցների դիմադրողականության բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով հումանիտար մարտահրավերներին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին և դրանց հասցեագրման անհրաժեշտությանը: Այս համատեքստում ընդգծվել է համաշխարհային հումանիտար հարցերի հասցեագրման շրջանակներում գործուն կանխարգելիչ մեխանիզմների, արտակարգ իրավիճակներին արձագանքման և հետևողականության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը:
Կլիմայի փոփոխության ոլորտում մարտահրավերների առումով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է զարգացող պետությունների կարիքների հասցեագրման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ վերջիններս՝ չհանդիսանալով գլոբալ տաքացման, կենսաբազմազանության կորստի կամ շրջակա միջավայրի այլ խաթարումների հիմնական աղբյուրները, բախվում են կլիմայի փոփոխության ամենածանր հետևանքներին: