Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողով

02 հունիսի, 2025

Հունիսի 2-ին Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ երկօրյա համաժողովը, որի բացմանը, ի թիվս այլոց, ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, տարածքային մարմինների ղեկավարներ, ռեգիոնալ, դեպարտամենտային ու քաղաքային իշխանությունների ավելի քան չորս հարյուր ներկայացուցիչներ։

Իր բացման խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն առանձնանշել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության դերը՝ որպես երկու բարեկամ երկրների միջև առկա բազմաոլորտ հարաբերությունների դինամիկ ուղղություն։

Վահան Կոստանյանը նշել է, որ Սյունիքի մարզում համաժողովի անցկացումը հատկանշական է` հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների և դրանց թվում առաջնահերթ՝ Սյունիքի մարզի զարգացման և դիմակայունության բարձրացման նպատակը:

Տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության ջանքերի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստին՝ ընդգծելով այն առանց հետաձգման ստորագրելու հայկական կողմի պատրաստակամությունը։

Ծանոթագրություն․ Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի միավորված համայնքների, Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Գորիսի համայնքապետարանի համատեղ ջանքերով։ 

Տպել էջը