ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բազման խոսքով հանդես է եկել Փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային հանդիպմանը
27 մայիսի, 2025Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիոսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային հանդիպմանը՝ նվիրված Փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառնական ռազմավարության իրականացմանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում անդրադարձել է սոցիալական, տնտեսական ու բնապահպանական մարտահրավերներին, որոնց բախվում են Փոքր կղզի զարգացող պետությունները՝ պայմանավորված իրենց անբարենպաստ աշխարհագրական դիրքով և այլ խոցելիություններով։
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման կարևորությունը՝ աջակցելու փոքր կղզի զարգացող պետություններին իրենց կայուն զարգացումն ապահովելու ու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունն ամրապնդելու նպատակով։
ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային օրակարգում փոքր կղզի զարգացող պետությունների կարիքների հարցը՝ շեշտելով նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գործող ՓԿԶՊ բարեկամների խմբի հարթակը, որտեղ Հայաստանը հանդիսանում է համահիմնադիր և համանախագահ։
Որպես ՓԿԶՊ նկատմամբ միջազգային ուշադրության բարձրացմանն ուղղված կարևոր քայլ՝ ընդգծվել է մեկ ամիս առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված և 130 պետության համահեղինակած որոշումը՝ ապրիլի 25-ը հռչակելու Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր:
Համաժողովին բացման ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ինչպես նաև տեսաուղերձի ձևաչափով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր փոխտնօրեն Սին Ցյուն և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՓԿԶՊ խմբի նախագահ, Կուկի կղզիների դեսպան Նատալի Ռոզետ-Կազելը։