ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի քաղաքական և արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապայի հետ

27 մայիսի, 2025

Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի քաղաքական և արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապայի հետ:

Երկուստեք արձանագրել են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին նպաստող Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ինչպես նաև ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման բարեփոխումներին օժանդակող Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի իրագործման արդյունավետությունը:

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերի համատեքստում՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի անհապաղ ստորագրման և վավերացման անհրաժեշտությունը և այդ առումով միջազգային գործընկերների հետևողական աջակցությունը:

Տարածաշրջանային մարտահրավերների շարքում զրուցակիցները քննարկել են նաև հումանիտար խնդիրները՝ կարևորելով դրանց հասցեագրման հրատապությունը:

Տպել էջը