ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թեհրանում գործող «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ

26 մայիսի, 2025

Մայիսի 26-ին՝ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թեհրանում գործող «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԻԻՀ հարաբերություններին՝ գոհունակությամբ արձանագրելով երկկողմ գործակցության օրակարգը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը:

Ընդգծվել է նաև տնտեսական և գիտակրթական ոլորտներում համագործակցությունը զարգացնելուն միտված նախաձեռնությունների կյանքի կոչումն ու նոր ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ողջունել է ԻԻՀ պատվիրակության մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովին՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումներին ՀՀ միջազգային գործընկեր երկրների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպես նաև զգալի ներդրումն այդ համաժողովի կայացման գործում:

Տպել էջը