ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների դերը տարածաշրջանային համագործակցության խթանման գործում» խորագրով պանելային քննարկմանը
26 մայիսի, 2025Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների դերը տարածաշրջանային համագործակցության խթանման գործում» խորագրով պանելային քննարկմանը:
Քննարմանը որպես բանախոսներ մասնակցում էին նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հատուկ ներկայացուցիչ Ջոզեֆ Կառլ Պելիկանը, Կիպրոսի Նիկոսիայի համալսարանի Եվրոպական և միջազգային հարաբերությունների կենտրոնի նախագահ Անդրեաս Թեոֆանուսը, Ազատ և բաց հնդկախաղաղօվկիանոսյան ֆորումի նախագահ Կաուշ Արհան և Իսրայելի Հայֆայի համալսարանի Մերձավոր Արևելքի պատմության ամբիոնի ավագ դասախոս Յաիր Հիրշֆելդը: Քննարկումը վարում էր Եմենի տեղեկատվական կենտրոնի նախագահ Նադա Ալ Հաջրին:
Քննարկվել են առևտրի զարգացմանը խոչընդոտող հիմնական մարտահրավերները՝ ներառյալ կառուցվածքային, ինստիտուցիոնալ և կարգավորող բնույթի սահմանափակումները։ Բանախոսները մտքեր են փոխանակել սահմանային անցման և մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործիքների և ռազմավարությունների կիրառման հնարավորությունների, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման, հաղորդակցությունների բարելավման և մատակարարման շղթաների օպտիմալացման ուղիների շուրջ:
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն իր խոսքում ընդգծել է, որ բաց և արդյունավետ տրանսպորտային ուղիներն կարող են նպաստել տարածաշրջանում վստահության ձևավորմանն ու երկարաժամկետ կայունության հաստատմանը։