ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

09 մայիսի, 2025

Մայիսի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր համերգային միջոցառում, որին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է. «Եվրոպայի օրը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և արժեքների հանդեպ նվիրվածությունը։ Հայաստանը մշտապես եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունն ու արժեքային հիմքերը։ Այս տարիներին մենք ականատես ենք եղել Հայաստան–ԵՄ հարաբերությունների աստիճանական խորացմանը՝ հատկապես մշակույթի, կրթության և մարդկային շփումների ոլորտներում»։

Գլխավոր քարտուղար Կարապետյանը հատուկ շեշտել է միջմշակութային երկխոսության դերը ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելու և համընդհանուր արժեքների ամրապնդման գործում՝ արժևորելով Եվրոպական միության և Հայաստանի միջև ձևավորված մշակութային կապերն ու փոխվստահությունը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը դաշնամուրային մենահամերգով:

Տպել էջը