ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստին

11 ապրիլի, 2024

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստին, ով Հայաստանում է գտնվում ԼՂ փախստականների իրավունքների երաշխավորման ԵԽ համապարփակ փաթեթի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ: 

ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել բռնի տեղահանված ԼՂ բնակչությանն աջակցելու նպատակով 2023թ. հոկտեմբերին Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ԳՔ հատուկ ներկայացուցչի Հայաստան փաստահավաք այցի արդյունքներով պատրաստված Համապարփակ փաթեթի համար, որը ներառվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում:

Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ՀՀ իշխանություններին փորձագիտական աջակցություն նախատեսող ԵԽ համապարփակ փաթեթի օգտակարությունը՝ հաշվի առնելով, որ ԼՂ փախստականների սոցիալական, առողջապահական, կրթական, բնակապահովման, զբաղվածության միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների պատշաճ հասցեագրումը ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է: 

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է բռնի տեղահանված ԼՂ բնակչության իրավունքների միջազգային պաշտպանությունը, այդ թվում՝ ԵԽ կոնվենցիոն համակարգի ներքո: 

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքները, շարունակվող մարտահրավերները, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը: 

Ծանոթագրություն․ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների երաշխավորման Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը մշակվել է 2023թ. սեպտեմբերին ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքների հասցեագրման նպատակով: 2.8 մլն եվրո բյուջեով ԵԽ Համապարփակ փաթեթը ներառվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրում: Դրա շրջանակում փորձագիտական աջակցություն է տրամադրվում ՀՀ իշխանություններին՝ բռնի տեղահանված ԼՂ բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական, բնակապահովման, զբաղվածության միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու համար: Ծրագիրը մեկնարկել է 2024թ. տարեսկզբին, պաշտոնական մեկնարկը տրվել է Երևանում 2024թ. ապրիլի 11-ին:

Տպել էջը