ՀՀ ազգային ժողովի նիստերում կայացած քննարկումներին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը

10 ապրիլի, 2024

Ապրիլի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի նիստում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման ու սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման, որը նիստում կայացած քվերակությամբ անցկացվել է փակ ռեժիմով:

Ապրիլի 10-ին Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ԱԺ նախագահի՝ վերոնշյալ նիստից հետո ՀՀ ընդդիմադիր պատգամավորների մեկնաբանությունների վերաբերյալ հարցին, դրանց բովանդակության առնչությամբ նշել է. «Երեկ ես, օգտվելով այն հնարավորությունից, որ նիստը փակ էր և այն, ինչ կասվի իմ կողմից հասանելի կլինի միայն Հայաստանի քաղաքական դաշտին, մասնավորապես խորհրդարանական ընդդիմությանը, և չի հասնի այլ մայրաքաղաքներ, փորձեցի ռացիոնալ բացատրություն տալ, ռացիոնալ երկխոսություն ծավալել՝ բացատրելով, որ Հայաստանի Հանրապետությունը բանակցություններում, այդ թվում՝ առաջին հերթին սահմանազատման բանակցություններում, կարող է առաջնորդվել կամ հենվել միայն լեգիտիմության հենքերի վրա, մենք կարող ենք խոսել, պահանջել միայն այն, ինչ իրավականորեն ամուր է: Մենք չենք կարող մեզ թույլ տալ և մեզ պետք էլ չի հիմնավորել բաներ, որոնց իրավական հիմքերը մենք չունենք: Ինչպես քիչ առաջ մեր գործընկեր պատգամավորը հիշատակեց, եթե բացում ենք փակ նիստի ընթացքում եղած քննարկման տարրերն, անշուշտ չբացահայտելով գաղտնի տեղեկատվություն, ընդիմադիր պատգամավորներն էլ ընդունում էին սահմանի գոյությունը, որոշ գործընկերներ նույնիսկ գիտեին՝ այդ սահմանը որտեղով է անցնում»:

Տպել էջը