Նորվեգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

22 հունվարի, 2024

Հունվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Բերգլյոտ Հովլանդի՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Հովլանդին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում:

Պարույր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր՝ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը։ 

Քննարկվել են նաև քաղաքական երկխոսության խորացմանն, առևտրատնտեսական և միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին: Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել ջանքեր՝ երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։

Տպել էջը