ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությանը
27 նոյեմբերի, 2023Նոյեմբերի 27-ին մեկնարկել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան: Այցի առաջին օրվա ընթացքում պատվիրակության անդամներին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հեռանկարների ու առկա ներուժի իրացման հնարավորությունների շուրջ։
Պարույր Հովհաննիսյանը զրուցակիցներին հանգամանալից ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարված քայլերը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության կարևորությունը: