ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄՄՖ) տարածաշրջանային տնօրենի տեղակալի հետ

12 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Մարիա Ալկասար Կաստիլյայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ԿԽԿՄՄՖ հայաստանյան գրասենյակի ղեկավար Հիշամ Դիաբը:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի փախստականների առջև ծառացած հումանիտար մարտահրավերների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցեր: ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիային ցուցաբերված աջակցության համար:

Ընդգծվել է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում փախստականների կարիքների վերհանման և թիրախային հասցեագրման անհրաժեշտությունը: Այս առումով նշվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև ազգային ընկերությունների փորձառության և փոխաջակցության կարևորությունը:

Տպել էջը