Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

03 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ։

Նախարար Միրզոյանն իր նորվեգացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ անդրադառնալով խնդրի միջազգային քաղաքական և հումանիտար գործոններին:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից 100.000-ից ավել բռնի տեղահանված բնակչության առաջնային կարիքների գնահատմանը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին։ 

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են նաև Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության և միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի: Այս համատեքստում կարևորվել է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման հրամայականը: 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Նորվեգիա երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի:

Տպել էջը