Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հանդիպումը

20 սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդալլահ ալ Սաուդի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ու համագործակցության հաստատման քայլերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման,  փոխշահավետ ուղղություններով համագործակցության զարգացման գործում։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված հերթական ագրեսիան՝ ստեղծված իրավիճակում շեշտելով միջազգային դերակատարների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խստորեն դատապարտելու, ԼՂ-ում զանգվածային ոճրագործություն թույլ չտալու հրամայանակը։

Տպել էջը