ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հեռախոսազրույցը Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

11 օգոստոսի, 2023

Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի հետ:  

Նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված կյանքի հետ անհամատեղելի իրավիճակի մանրամասները՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ զրկված է անհրաժեշտ  բժշկական օգնությունից, իսկ ԼՂ 120 հազար բնակչությունը փաստացի կանգնած է սովի ու հումանիտար աղետի շեմին: 

Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Վահան Կոստանյանն իր խիստ մտահոգությունն է հայտնել, որ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների չկատարմամբ և Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի արգելափակմամբ Ադրբեջանը ուղղակիորեն խաթարում է Հարավային Կովկասում կայունության հաստատման բոլոր շահագրգիռ գործընկերների ջանքերը: Նախարարի տեղակալը հիշատակել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքը՝ ընդգծելով Ադրբեջանի օրինախախտ պահվածքի բացարձակ անընդունելիությունը:

Վահան Կոստանյանն իր ցավակցությունն է հայտնել Սամուել Ժբոգարին՝ Սլովենիայում ջրհեղեղի արդյունքում մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-սլովենական համագործակցության խորացման հեռանկարներին: 

Տպել էջը