ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարի տեղակալ Բոբուր Ուսմանովի միջև հանդիպումը

03 օգոստոսի, 2023

Օգոստոսի 3-ին Տաշքենդում տնտեսական համագործակցության հարցերով հայաստանա-ուզբեկստանյան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՈւՀ ԱԳ նախարարի տեղակալ Բոբուր Ուսմանովի հետ:

Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կողմերը քննարկել են ՀՀ և ՈւՀ միջև քաղաքական երկխոսության հետագա խթանմանը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների ակտիվացմանը, ինչպես նաև հումանիտար ու մշակութային նախագծերին առնչվող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը։ Մնացական Սաֆարյանը  նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ ահագնացող հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը:

Տպել էջը