ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ

02 հունիսի, 2023

Հունիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը, պատվիրակության անդամների խնդրանքով, անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայման կարևորությանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին: Ընդգծվել է ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը և Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ:

Տպել էջը