ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը

25 ապրիլի, 2023

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հավհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի, մասնավորապես Գեղարքունիքի և Իզեր դեպարտամենտի միջև ձևավորված առանձնահատուկ կապերն ու արդյունավետ համագործակցությունը, որն իր ուրույն տեղն ունի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում:

Ժան-Պիեր Բարբիեն, շնորհակալություն հայտնելով իր գլխավորած պատվիրակությանը հյուրընկալելու համար, հաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու և ամրապնդելու Գեղարքունիք-Իզեր, ինչպես նաև դեպարտամենտի Գրենոբլ և Վիեն քաղաքների՝ Սևանի ու Գորիսի հետ գործակցություններն առողջապահության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի, ֆրանկոֆոնիայի ոլորտներում:

Երկուստեք գոհունակություն են արտահայտել երկու շրջանների միջև ձևավորված երկարատև ու ինստիտուցիոնալ արդյունավետ ապակենտրոնացված համագործակցության առնչությամբ: Այս համատեքստում կարևորվել է այցի ընթացքում ստորագրված Գեղարքունիքի մարզի և Իզերի դեպարտամենտի 2023-2027թթ. ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը:

Պարույր Հովհաննիսյանը պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանի առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին ու ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղակայմանը՝ նշել է, որ Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում նա ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը և շեշտել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:

Տպել էջը