Ավստրիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

17 ապրիլի, 2023

Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը՝ ք. Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների առաջընթացով և հաջողություններով։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին, կարևորել են քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը՝ ընդգծելով առևտրի, ներդրումների, մշակույթի, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում սերտ և արդյունավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը:

Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական համագործակցությունը, բարեկամական խմբերի միջև ակտիվ երկխոսությունը:

Դեսպան Մյուլմանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ կներդնի իր առավելագույն ջանքերը հայ-ավստրիական հարաբերությունների ընդլայնման և որակական նոր մակարդակի բարձրացման համար:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքին։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:

Տպել էջը