Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների հանդիպումը

30 մարտի, 2023

Մարտի 30-ին Մալթայում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։

Նախարարներն արձանագրել են, որ Հայաստանի ու Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարին նշանավորվում է հայկական կողմից Մալթա կատարված առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցով:

Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը պատրաստակամություն են հայտնել զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները, երկուստեք ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ակտիվ համագործակցության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի տեսլականը և Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կառուցելու հայկական կողմի ջանքերը:

Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը:

ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլերի իրականացման կարևորությունը: Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչումը, ինչպես նաև Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հրամայականը:

Տպել էջը