ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի այցը Սուրբ Աթոռ և Վարպետաց պալատ

27 փետրվարի, 2023

Փետրվարի 27-ին աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների փոխքարտուղար (ԱԳ նախարարի տեղակալ) գերպ․ Միրոսլավ Վախովսկու հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են քրիստոնեական արժեքների, պատմամշակութային վաղեմի կապերի վրա։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Սուրբ Աթոռի, և մասնավորապես, Հռոմի քահանայապետի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում որդեգրած սկզբունքային մոտեցումները։

Ի հետևումն ՀՀ ԱԳ նախարարի անցած հոկտեմբերին Վատիկան կատարած պաշտոնական այցին՝ կողմերը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հիմք ընդունելով միջազգային որոշ հիմնախնդիրների՝ այդ թվում հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի առնչությամբ Հայաստանի և Սուրբ Աթոռի համանման մոտեցումները։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի դիրքորոշումները, Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով Արդարադատության միջազգային դատարանի օրերս կայացրած որոշման և Ադրբեջանի կողմից այն անհապաղ իրականացնելու կարևորությունը։

Նույն օրը նախարարի տեղակալը մասնակցել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում կազմակերպված Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվա ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ զետեղել Վատիկանի այգիներում գտնվող նրա արձանին։

Այցի շրջանակներում Պարույր Հովհաննիսյանին ընդունել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոն: Հանդիպմանը քննարկվել են հումանիտար հիմնախնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները և երկուստեք կարևորվել Մալթայի Ուխտի հումանիտար դիվանագիտության դերն ու նշանակությունը հակամարտությունների հետևանքների մեղմման հարցում։

Հռոմում նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է նաև Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին։

Տպել էջը