Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

12 հունվարի, 2023

Հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ:

Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական հիմնավորումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկելու Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ այս համատեքստում կարևորելով միջազգային հանրության հստակ կոչերը և հասցեական քայլերը:

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ` Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Տպել էջը