Արարատ Միրզոյանի և Ֆիլիպ Ռիքերի հեռախոսազրույցը

23 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին:

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելուն։

Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և կոպտորեն ոտնահարում միջազգային հումանիտար իրավունքը՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության վերականգնման համատեքստում:

Տպել էջը