Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

18 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը:

Շնորհավորելով Հայաստանում Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություն իր պատասխանատու առաքելության գործում:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ուրուգվայի նորանշանակ դեսպանը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և հայ-ուրուգվայական օրակարգը հարստացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ուրուգվայական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները։

Հայկական կողմը վերահաստատեց իր հանձնառությունը հաջորդ տարվա ընթացքում Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ։

ԱԳ նախարարի տեղակալը ուրուգվայցի դիվանագետին ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը,  անդրադարձ կատարեց 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրներին։ Ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։

Անդրադարձ եղավ տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներին:

Տպել էջը