ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատվիրակության հետ

14 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։

ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակության այցը Հայաստան այս շրջանում, շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար։ ԱԳ նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում նրանց ունեցած ներդրումը։

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցության վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Պարույր Հովհաննիսյանը շվեյցարացի խորհրդարանականներին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը:

Տպել էջը