Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը
19 սեպտեմբերի, 2022Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ:
Նախարար Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին՝ հայ ժողովրդին համերաշխություն ցուցաբերելու, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ ու հասցեական արձագանքի համար՝ նշելով, որ հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում հիմնարար է միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրի հստակ և միանշանակ դատապարտումն ու համապատասխան գործողությունների ձեռնարկումը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներն անդրադարձ են կատարել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, մտքեր են փոխանակել Հայաստանի-Հունաստան-Կիպրոս ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունն առավել ընդլայնելու և նոր մակարդակի բարձրացնելու շուրջ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։