Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

19 օգոստոսի, 2022

Օգոստոսի 19-ին Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարությունում կայացավ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Խորհրդակցություններն անցկացրեցին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Ուրուգվայի ԱՀ նախարարի տեղակալ Կառոլինա Աչեն։

Քննարկվեցին երկկողմ պատմական բարեկամական հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հարցերը: Կարևորվեց հայ-ուրուգվայական պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական և գիտաշմակութային կապերի զարգացումը։

ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը տեղեկացրեց Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման մտադրության մասին, դրանով իսկ փոխադարձելով ուրուգվայական կողմի՝ դեռևս 2021թ. օգոստոսին կայացրած նույնօրինակ որոշմանը։ Այդ հանգամանքը գնահատվեց որպես հայ-ուրուգվայական բարեկամական կապերի ևս մեկ ցուցիչ։

Կողմերը քննարկեցին նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման նպատակով:

Տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի ստորագրումը՝ հանձինս ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՈՒԱՀ ԱՀ նախարարի տեղակալ Կառոլինա Աչեի:

Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալին ընդունեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնը։

Պարույր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ նաև ՈւԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռոդրիգո Ֆեռեսի հետ։ Քննարկվեցին երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր։

Ուրուգվայ այցի ընթացքում Պարույր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն առանձին հանդիպում ունեցավ ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տպել էջը