ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ

18 հունիսի, 2022

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

Կարևորելով պաշտոնական մակարդակում փոխայցելությունների և շփումների դրական դինամիկան՝ կողմերը գոհունակությամբ են հիշատակել այս տարվա մայիսին Հայաստանի պատվիրակության այցն ԱՄՆ և դրա շրջանակներում կայացած հանդիպումները, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում աշխատանքների վերսկսումը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող թեմաներ:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացների, ինչպես նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության զարգացումները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս համատեքստում կարևորելով ԱՄՆ՝ որպես համանախագահող երկրի ջանքերը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման, պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։

Տպել էջը