ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակության հետ

09 հունիսի, 2022

Հունիսի 9-ին Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծվեց ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան ներկայիս ռազմավարական երկխոսության բարձր մակարդակը և երկուստեք կարևորվեց դրա շարունակական ընդլայնումը:              

Նախարարի տեղակալն  անդրադարձավ Հայաստանում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին և արդի  խնդիրներին:

Վահե Գևորգյանն անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Մասնավորապես, կարևորվեց Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը, Արցախում շարունակաբար վանդալիզմի ենթարկվող հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը:

Կողմերը կարևորեցին մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ոլորտում հայ-ամերիկյան երկխոսության հետագա զարգացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: 

Տպել էջը