Սերբիայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

10 մարտի, 2022

Մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց, որ ավանդական բարեկամության և նույնա­կան արժեքների վրա խարսխված հայ-սերբական հարաբերություններն ամուր հիմք են հանդիսանում փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Պարույր Հովհաննիսյանը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Պանայոտովիչ-Ցվետկովիչը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման համար:

Զրուցակիցները քննարկեցին հայ-սերբական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում իրականացվող համագործակցությունն ու նախատեսվող համատեղ ծրագրերը, ինչպես նաև բազմակողմ համագործակցության հեռանկարները: 

Տպել էջը